24/10/2017 12:36
«ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարևորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ։
«Դրանք ևս մեկ քայլ են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին: Նման այցերի միջոցով ժողովրդավար և անկախ Արցախն ու արցախցիների ազատատենչ ոգին աշխարհին առավել ճանաչելի են դառնում», - ասել է Է. Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնևի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա դատապարտել է նաև շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը, ինչն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը:
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը:
Է. Շարմազանովն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին և ընդգծել. «ՀՀ ԱԺ խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար»: