24/10/2017 13:09
Շփման գծում իրավիճակը հիմա ավելի լարված է, քան անցյալ շաբաթ. հակառակորդին տրվելու են պատասխաններ. ՊԲ հրամանատար
Ներկա պահին շփման գծում իրավիճակն ավելի լարված է, քան անցյալ շաբաթ, «Յուքոմ»-ի օժանդակությամբ տեխնիկապես վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոնի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Ներկա պահին իրավիճակն ավելի լարված է, քան անցյալ շաբաթ: Ինչպես հայտնի է, շփման գծում վերջին դեպքերը տեղի են ունեցել Արդբեջանի գործողությունների հետևանքով: Դրանք անպատասխան չեն մնա: Հակառակորդի սանձազերծած ցանկացած գործողության Պաշտպանության բանակի կողմից պատասխանները միշտ տրվում են համաչափ»,- ասաց Լևոն Մնացականյանը:
Լրագրողների ճշտող հարցին` կոնկրետ վերջին օրերի գործողություններին տրվե՞լ են պատասխաններ, ՊԲ հրամանատարը պատասխանեց` «դեռևս ոչ»:
«Մենք առաջնորդվում ենք խնդրի խաղաղ կարգավորմամբ: Այսօր և վաղը ես հանդիպելու եմ ու իրավիճակին ծանոթացնելու եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին»,- ասել է ՊԲ հրամանատարը ևս մեկ անգամ ընդգծելով` Ստեփանակերտը հավատարիմ է մնում խնդրի խաղաղ կարգավորման դիրքորոշմանը, սակայն հակառակորդի սադրանքներին տրվելու են պատասխաններ: