24/10/2017 18:27
Կառավարությունում ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի միջև Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրը (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջև ստորագրվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության միջև ստորագրվել է Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջև մտադրությունների մասին արձանագրությունն ստորագրել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը: