24/10/2017 13:06
Ֆիլմը համեմված է հումորային դիալոգներով ու տեսարաններով, բայց իմ Մերին ավելի լուրջ աղջիկ է. Անի Ղազարյանը՝ «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգության մասին
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն այս օրերին նոր ռոմանտիկ կատակերգություն է պատրաստում, որի պայմանական վերնագիրն է «Լյուդվիգ անունով ոզնին»: Ֆիլմում նկարահանվում են Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Գուրգեն Սարգսյանը, Քրիստինա Հովակիմյանը և այլք:
Aysor.am-ի հետ զրույցում գլխավոր հերոսներից Մերիին մարմնավորող Անի Ղազարյանը, ում շատերը հիշում են «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում Աննայի կերպարով, ժպիտով խոստովանեց՝ վերջերս լույս աշխարհ եկած երկրորդ բալիկի ծնունդից հետո իրենից որոշակի ջանքեր պահանջվեցին կինոաշխարհ վերադառնալու համար:
«Բալիկիս ծնվելուց հետո բավականին քաշ էի հավաքել, որից պետք էր ձերբազատվել: Ամեն ինչ արեցի, որ կարողանամ շուտ վերականգնվել ու քասթինգին մասնակցել: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նորից այս թիմի հետ աշխատել, որի մի մասին ճանաչում եմ դեռ «Կյանք ու կռիվ» ֆիլմի շրջանակներից»:
Անդրադառնալով իր կերպարին, նաև կերպարի ու իր ընդհանուր գծերին՝ դերասանուհին մանրամասնեց.
«Եթե «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում ես մարմնավորում էի 40-ն անց կնոջ, ապա այստեղ հերոսուհիս իմ հասակակիցն է՝ 25-26 տարեկան աղջիկ: Նախորդ ու ներկա հերոսներս տարբեր են ոչ միայն տարիքով, այլև՝ խառնվածքով ու տեսակով: Ինչ վերաբերում է իմ ու կերպարիս ընդհանրություններին, որոշ առումով նման ենք, որոշ առումով՝ ոչ: Ի վերջո, ցանկացած կերպար մարմնավորելիս քո ապրածից, զգացածից ինչ-որ բաներ ես ներդնում նրա մեջ»:
Դիտարկմանը՝ դրամատի՞կ, թե՞ կատակերգական ժանրում է իրեն առավել ազատ ու հանգիստ զգում, նկատեց՝ իր կերպարն ապահովում է ֆիլմի լուրջ ու ռոմանտիկ թելը:
«Իհարկե, ֆիլմը համեմված է հումորային դիալոգներով ու տեսարաններով, բայց իմ Մերին ավելի լուրջ աղջիկ է: Սակայն ասեմ, որ դերասանը պետք է կարողանա իրեն գտնել, դրսևորել ցանկացած ժանրում՝ լինի կատակերգություն, ողբերգություն, թե ռոմանտիզմ: Ամեն ինչ էլ պետք է կարողանաս խաղալ», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Երիտասարդ դերասանուհին երկու զավակների մայր է: Խոստովանում է՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես բարդ է համատեղել երեխաների խնամքն ու աշխատանքը, կենտրոնանալ մտքի ու գործի վրա:
«Եթե մասնագիտությունների մեծ մասը կանոնակարգված ժամանակ ունի, գիտես՝ որ ժամին ես գնում աշխատանքի, որ ժամին՝ գալիս, կարող ես պլանավորել օրդ, ապա մեր դեպքում դա հնարավոր չէ: Պատահում է՝ նկարահանվում ենք ամբողջ գիշեր, և առավոտյան ուժ չես ունենում ոչ ավագ բալիկիդ դպրոց ուղեկցելու, ոչ էլ փոքրիկին խնամելու: Բայց, Փառք Աստծո, օգնականներ ունեմ. մայրս է շատ-շատ օգնում, որպեսզի աշխատանքային շրջանում կարողանամ կտրվել ընտանեկան քաղցր «հոգսերից» ու կենտրոնանամ աշխատանքի վրա: Հակառակ դեպքում չի կարող լավ արդյունք ստացվել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անի Ղազարյանը: