24/10/2017 20:43
Գարի Քյոսայանը հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա յուրահատուկ համերգով
Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը: Համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը, ինչպես նաև երաժիշտներ Հայաստանից՝ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։
Բացառիկ համերգային երեկոյին հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա վայելելու Գարի Քյոսայանի ինքնատիպ ստեղծագործությունները:
Տեղեկացնենք, որ վերջերս Քյոսայանը «Երաժշտություն» անվանակարգում արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Քյոսայանին մրցանակը հանձնել է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Նշենք, որ կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ. Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո:
1988-2003 թթ. բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում: ԱՄՆ-ում ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` «Gary Kesayan Jazz Quartet»-ը դառնում է «Ֆլոր դը Վին» (Փասադենա) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը և համերգներ է ունենում տարբեր երկրներում: 1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քյոսայանի անդրանիկ` «For you» ձայներիզի շնորհանդեսը, որը 1998 թվականին ստանում է «Armenian Music Awards» ազգային մրցանակաբաշխության «Best Jazz Musician of the Year by AMA in 1998» մրցանակը:
1998 թվականին Գարին և նրա քառյակը երգչուհի Մարթին Իլոնի հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երևան: 2005 թ. կոմպոզիտորը կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ, և ներկայացնում է հիանալի շոու, որին ներկա էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։
Վերջին տարիներին Գարի Քյոսայանը բնակվում է Հայաստանում, պարբերաբար հանդես գալիս հետաքրքիր նախագծերով:
Քյոսայանն այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Հեղինակել է նաև կինոերաժշտություն («Արահետ», «Լռության սիմֆոնիա»): 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը: Նրա` 100-ից ավելի ջազային ստեղծագործություններն ու դասական ժանրում գրված գործերն ինքնատիպ են ու յուրահատուկ: Առաջիկայում արտիստը հանդես կգա անակնկալներով: