24/10/2017 13:34
Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի. հայտնի է «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան երգը
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը:
Փոքրիկ Միշան իր այս մրցութային երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման, բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն:
«Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարևոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին և բարի լինել միմյանց նկատմամբ», - նշում է Միշան:
Հիշեցնենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թ-ին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Հավելենք նաև, որ «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո:
Բացի Հայաստանից կմասնակցեն ևս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան: