24/10/2017 17:19
Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ պատրաստ ենք. ՀՀ նախագահ
Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով, այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց: Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:
Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», - ասել է Սերժ Սարգսյանն ու ևս մեկ անգամ ընդգծել` բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում:
«Սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները», - ասել է ՀՀ նախագահը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին` Ժնևյան հանդիպմանը:
«Ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ի՞նչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք», - ասել է Սերժ Սարգսյանը` շարունակելով.
«Եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է: Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն»:
ՀՀ նախագահն ընդգծել է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում:
«Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել: Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան», - ամփոփել է ՀՀ նախագահը: