24/10/2017 16:10
Երբ օրհասական հարց էր նույնիսկ բանակի հանդերձավորումը, որևէ մեկը չէր մտածի՝ մի օր ունենալու ենք 3 ռազմական համալսարան. Սերժ Սարգսյան
Իր ծննդյան օրվանից հայկական բանակը եղել և մնում է ժողովրդական բանակ, այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«Տասնամյակներ առաջ, երբ մարտի դաշտում մեր կամավորական ջոկատները կենաց-մահու կռիվ էին մղում մեր հայրենիքի համար, երբ օրհասական հարցեր էին նույնիսկ բանակի հանդերձավորումը և թեկուզ ամենապարզունակ զենքով սպառազինելը, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր մենք ունենալու ենք մեկի փոխարեն երեք ռազմական համալսարան: Որևէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ օրերի դասակի և վաշտի հրամանատարները դառնալու էին գնդապետներ և գեներալներ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա կարևորել է համալսարանում մեկնարկող ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար գերատեսչական պիլոտային ծրագիրը:
«Սա ևս մեկ քայլ է ռազմական կրթության լիարժեք ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Հասկանալի է, որ սա ընդամենը սկիզբն է, և դեռ ճանապարհ պետք է անցնել այս դասընթացը լիարժեք ակադեմիական մակարդակի ուսուցման վերածելու համար: Ինչպես ասում են՝ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլով»,- ասել է նախագահը:
Նա նշել է` պարտադրված պատերազմում հայկական բանակը լուծել է իր առջև դրված խնդիրը և անցած բոլոր տարիների ընթացքում ևս դրված խնդիրները լուծել է հաջողությամբ:
«Մեր բանակը ծնվել է պատերազմի կրակների մեջ: Ձևավորման հենց սկզբից տարերայնորեն կազմավորվող կամավորական ջոկատներին ավելի ուշ միացան խորհրդային բանակի հայազգի բազմաթիվ սպաներ: Մեր այսօրվա գեներալների մեջ կան ինչպես նախկին Խորհրդային միությունում իրենց ծառայությունը սկսած սպաներ, այնպես էլ ազատագրական շարժման աշխարհազորի ներկայացուցիչներ:
Մեր հերոս ընկերներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախն ու Հայաստանը, միաժամանակ դրեցին հայոց հաղթական բանակի հիմքերը: Հասունացել է ժամանակը, իրոք եկել է պահը, երբ մենք պետք է կատարենք նոր և նշանակալի առաջընթաց քայլ»,- ասել է ՀՀ նախագահը: