24/10/2017 16:30
Ոչ կանոնադրային հարաբերություններն ու անփութությունը բանակում պետք է իսպառ բացառվեն. ՀՀ նախագահ
Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը, այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«Բանակն առանձին և մեկուսի չի կարող զարգանալ, ուստի ժամանակին համընթաց պետք է քայլի մեր ողջ պետություն: Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականցվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է` պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար. առաջին գծում կանգնած զինվորից մինչև հրամանատար:
«Այստեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն: Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարևոր են:
Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում և պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում:
Սպան և հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր և ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են»,- ասել է Սերժ Սարգսյանը: