24/10/2017 16:49
Հայաստանում նոր կենտրոնական զինվորական հոսպիտալ կկառուցվի. Սերժ Սարգսյան
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել բանակում բուժսպասարկման խնդիրներին, այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«Նոր մակարդակի պետք է բարձրացվի այդ ոլորտի աշխատանքը: Ամիսներ անց Երևանի պետական բժշկական համալսարանում իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար: Այն պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության և վերաինտեգրման միասնական հասցե», - ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է` այսօր բավական լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի բժշկական կենտրոնների վիճակի առումով՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում.
«Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլևս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին և նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն», - ասել է Սերժ Սարգսյանը: