24/10/2017 17:11
Հարցի շուրջ շահարկումներին շատ կոշտ պատասխան տվեք. Սերժ Սարգսյանը` տարկետման վերացման մասին
Այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Զինապարտության մասին» օրենքում քննարկվող փոփոխություններին, մասնավորապես` ուսանողական տարկետման վերացման հնարավորությանը:
«Բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու և տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է»,- ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ ասել է Սերժ Սարգսյանը` շարունակելով.
«Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին՝ ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ, էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, և մենք չգնացինք մինչև վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որևէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել»,- ասել է ՀՀ նախագահը:
Այս առումով նա բերել է սեփական օրինակը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետև վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո»:
ՀՀ նախագահն անդրադարձել է նաև քննարկումներին, ըստ որոնց Հայաստանում պետք է պրոֆեսիոնալ բանակ ձևավորել:
«Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, և եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք և զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել և ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել»,- ասել է Սերժ Սարգսյանն ընդգծելով` երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է:
«Նույնիսկ չեմ ուզում այդ խնդիրներին անդրադառնալ: Այնպես որ՝ պետք է ակտիվ լինեք: Հասկանու՞մ եք ՝ մարդիկ են խոսում բանակի, անվտանգության մասին, ովքեր, անկեղծ ասած, երևի մի 5-10 էջ էլ չեն կարդացել կամ գործնականում չեն առնչվել այս խնդիրների հետ, իսկ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր տեղյակ են, ովքեր կյանքի փորձ ունեն, ուղղակի, շատ ներողություն բառիս համար, զահլա չունեն նրանց հետ խոսելու կամ վիճելու: Բայց այդպես չի լինի, մենք չենք կարող այդպես զարգանալ»,- ամփոփել է ՀՀ նախագահը: