25/10/2017 12:08
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հստակ հայտարարի, որ Ադրբեջանի պահվածքը աննորմալ է. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումը լավատեսության հիմքը այն է եղել, որ այդ ժամանակ Ալիևը բոլորովին այլ վարքագիծ է դրսևորել։
«Փորձը ցույց է տալիս, որ հանդիպումների ընթացքում Ադրբեջանը այլ պահվածք է դրսևորում, իսկ հանդիպումների ավարտից հետո վերադառնում է իր ելման կետին», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Ռուստամյանը։
Դիտարկմանը, թե հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ժպտում էր, արդյոք չգիտեր Ադրբեջանի նախագահի այդ վարքագծի մասին, Ռուստամյանը արձագանքեց. «Է, ժպտալն արգելվա՞ծ է»։
Լրագրողը նկատեց, որ Հայաստանը միամիտի տպավորություն է թողնում՝ գնալով հանդիպման այն դեպքում, երբ այդ հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է ոչ կառուցողականության մեջ։
«Չեմ կարող ընդունել այն մոտեցումը, որ եթե դիմացինդ անբանակցելի է, դու էլ պետք է միջազգային հանրությանը դեմ դուրս գաս ու նույն պահվածքը որդեգրես։ Մենք հանդիպումներից չպետք է խուսափենք։ Հանդիպումներն, այդուամենայնիվ, անհրաժեշտ են, որովհետև դրա չլինելն ու այլընտրանքը պատերազմն է», - ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ նման ելքով հանդիպումներից, երբ հակառակորդ կողմը ակտիվացել է սահմանին ու լարվածությունը աճել, Մինսկի խմբի համանախագահները պետք է եզրահանգման գան ու ապահովեն խաղաղ բանակցություններ։
«Բանակցություններ ընդհանրապես չեն ընթանում, քանի որ բանակցություն կլիներ այն ժամանակ երբ հակամարտության կողմերը ներկայացված լինեին սեղանի շուրջ։ Իսկ Ղարաբաղը, տեսնում ենք, որ սեղանի շուրջ չկա։ Էլ ուր մնաց Ադրբեջանը պահանջում է ինչ-որ սուբստանտիվ բանակցությունների վերաբերյալ գործընթաց սկսել։ Այսինքն՝ ինքը ձախողում է բանակցությունները, բայց խոսում է բանակցությունների մասին։ Այս աննորմալ վիճակը պետք է դառնա քննարկման առարկա Մինսկի խմբում ու սկսեն հասցեական հայտարարություն անել, ասեն՝ այս պահվածքը աննորմալ է», - հայտարարեց Ռուստամյանը։