25/10/2017 16:14
Մեր աղջիկների ուզողները եկել են, զննել-քննել եմ, հարցրել եմ՝ գլխիդ մազը ուր ա՞, տղա ջան. Գյումրու տիկնիկային թատրոնի ղեկավարն իր թատրոնին ընտանիքի պես է վերաբերվում
Գյումրեցին գլուխգովան է՝ ասում են շատերը, գլուխ ունենք, կգովենք՝ հակադարձում են սրամիտ ու սրախոս գյումրեցիները:
Եվ իսկապես, նրանց հակադարձումն արդարացված է. արվեստների ու արհեստների քաղաքը շարունակում է պահպանել մշակութային արժեքները՝ ներկայանալով ոչ միայն այսօրով, այլև անցյալի ձեռքբերումներով: Մշակութային օջախների ու թանգարանների պակաս Գյումրին չունի. Իսահակյանի, Շիրազի, Մերկուրովի, Մհեր Մկրտչյանի, Ձիթողցոնց, Ասլամազյան քույրերի արխիվ-թանգարանները գրեթե կողք-կողքի են գտնվում՝ արխիվացնելով մի ամբողջ մշակութային կենսագրություն:
88-ի երկրաշարժն անգամ չի աղավաղել քաղաքի՝ գոնե բանուկ հատվածի ճարտարապետական տեսքը. տուֆապատ համաչափ շենքեր, ասֆալտի փոխարեն՝ բուլիժնիկներ, որոնք անմիջապես հուշում են՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող քաղաքը հին պատմություն ունի:
Քաղաք այցելող զբոսաշրջիկին գյումրեցին ցույց տալու շատ բան ունի. հենց Լենինականում է բացվել Հայաստանի առաջին մանկական մշակութային օջախը՝ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որն արդեն 82 տարվա կենսագրություն ունի: Ավերիչ 88-ից հետո այն շուտ կյանքի վերադարձավ. ստեղծագործական խումբը գտավ՝ դա հարկավոր է:
Իրենց հյուրընկալված յուրաքանչյուրին թատրոնի դերասանները հենց մուտքի մոտ փոքրիկ ներկայացումներով են դիմավորում. մանուկների թատրոնում մեծերին հետաքրքրող համարներ էլ կան:
«Մեր թատրոնով տարբեր սերունդներ են անցել: Այսօր էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ ունենք. վաստակավոր արտիստուհի Մելինե Սիմոնյանը 80 տարեկան է, քաղաքապետարանն ընդառաջել է, և նրա «ձայնը» թոշակի չի գնում, մինչ այսօր աշխատում է: Նույնը կարող եմ ասել Գառնիկ և Արշալույս Պետրոսյանների մասին: Նաև շատ երիտասարդներ են համալրում մեր թատրոնի կազմը, ու եթե կարողանում են այս ծանր աշխատանքին դիմանալ, մնում են: Չդիմացողներ էլ են եղել», - ընդգծեց թատրոնի վերջին 25 տարիների գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լևոն Բաղդասարյանը:
Թատրոնն աշխատասեր կոլեկտիվ ունի, հին ու նոր սերունդն իմ ու քո չի անում, միմյանց օգնում ու աջակցում են: Ինչպես Լ. Բաղդասարյանն է նկատում՝ սա այսօր թեկուզ փոքր՝ մոտ 30 հոգանոց աշխատակազմ է, բայց ընտանիքի պես յուրաքանչյուրն իր դերն ունի: Ի դեպ, անգամ աղջիկ ուզելու համար հավանական փեսացուներին հայրական աչքով առաջինը տնտղում է թատրոնի տնօրենը:
«Մեր աղջիկների ուզողները եկել են, զննել-քննել եմ, հարցրել եմ՝ գլխիդ մազը ուր ա՞, տղա ջան: Բացատրել է՝ ինչի մազը էլ չկա, բայց նկատել եմ՝ լավ ընտանիք է, մեր աղջկան տվել ենք իրեն… Երբ ես այս թատրոնում աշխատանքի անցա, այս դերասաններից շատերը էրեխա էին, հիմա իրենց էրեխեքը բանակ են գնացել, եկել: Ի սկզբանե մերոնց ասել եմ՝ ո՛չ մի անձնական ամբիցիա, այդ հիվանդությունը դուրս պիտի գա բոլորիս միջից: Նաև՝ մեծի խոսքը չի կարելի կտրել, մեծն էլ պիտի ջահելի մոտ իրեն այնպես պահի, որ հարգվի: Սերնդափոխությունը դեռևս ճիշտ հունով է գնում», - ժպիտով նշեց նա:
Համայնքային ենթակայության տակ քաղաքի կենտրոնական մասում գտնվող թատրոնն այսօր վերանորոգման լուրջ կարիք ունի: Նախորդ տարի փոքրիկ աշխատանքներ կատարվել են, բայց հիմնական խնդիրներն անլուծելի են մնացել: Բեմը փոքր է, հարմարությունները՝ սահմանափակ: Սակայն նկատելի է, որ թատրոնի ղեկավարությունն առաջինը հոգ է տարել հանդիսատեսի հարմարավետության համար:
55 հազար դրամ աշխատավարձը բեմի նվիրյալներին չի հիասթափեցնում, արտիստներից ոմանք երկրորդ, երրորդ աշխատանք են գտնում՝ բեմը չթողնելու համար:
«Մեր դերասաններն իրենց գործը սրտանց են կատարում, հակառակ դեպքում, եթե այս գործի մեջ ջիգյար չդրեցին՝ հաջողության չեն հասնի: Փառք Աստծո, մենք ջիգյարով ժողովուրդ ենք, իրար շատ ենք սիրում, մի ընտանիք ենք, հավեսով կռվում ենք, հավեսով «ջան» ասում», - ընդգծեց տնօրենը:
Թատրոնի երկրորդ հարկում նկարիչ Վահան Հովսեփյանի արվեստանոցն է, որտեղ ստեղծվում ու վերականգնվում են բազմաթիվ տիկնիկներ: Յուրաքանչյուր նոր տիկնիկի ստեղծման համար նվազագույնը 3 ամիս է պահանջվում: Կան տիկնիկներ, որոնք համբերատարությամբ սպասում են իրենց բեմելին:
Ի դեպ, տիկնիկային արվեստը գյումրեցի Լևոն Բաղդասարյանին ո՛չ գեներով է փոխանցվել, ո՛չ էլ ինքն է փոխանցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի 3 զավակներից կրտսերն ավագ լեյտենանտ է Քարվաճառի (Քելբաջար) սահմանապահ զորամասում, կրտսեր և ավագ որդիներն էլ այլ բնագավառներ են ընտրել:
«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։