25/10/2017 14:28
«Դիսկոմֆորտ» չեք զգո՞ւմ, որ չծառայելով, բանակի մասին օրինագիծ եք ներկայացնում. Մարուքյանը՝ Նահապետյանին
Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նախագծի հարակից զեկուցող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից ուղղակի հետաքրքրվեց՝ արդյոք «դիսկոմֆորտ» չի զգում՝ զեկուցելով զինվորական ծառայության մասին օրինագիծը, ծառայած չլինելով հայկական բանակում։
Մարուքյանն ասաց, որ ինքը սպասում էր, որ հանձնաժողովից այդ հարցը կզեկուցեր այլ անձ, որի 18 տարին լրացել է, գնացել է բանակ ու վերադարձել է ծառայությունից, շարունակել ուսումը։
Պատգամավորը մի քանի հարց ևս տվեց. «Դուք հավատո՞ւմ եք այս ռեֆորմին, թե՞ ոչ։ Դուք փառապանծ կարիերա եք արել, անցել եք տարբեր պետական մարմիններով, շատ լուրջ կարիերա եք արել, այսօր զբաղեցնում եք ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, կրթություն եք ստացել։ Ի՞նչ եք կարծում, եթե ձեր ժամանակ չլիներ այն հնարավորությունը, որից դուք օգտվել եք, կհասնեի՞ք այդ բարձունքներին»։
Ի պատասխան Կորյուն Նահապետյանը խոստացավ անկեղծ պատասխաններ տալ՝ ասելով, որ Ազգային ժողովում աշխատում է «ամենայն անկեղծությամբ», իրականացնում է իր «առաքելությունը»։
Նահապետյանը նախ ասաց, որ հավատում է իրականացվող բարեփոխումներին ու հավելեց. «Եթե ես չհավատայի, չէի լինի Հանրապետական կուսակցության թիմում։ Ես հավատում եմ մեր երկրի ապագային, մեր Զինված ուժերին, բանակին, հավատում եմ մեր համատեղ կատարած աշխատանքին, որի արդյունքում մեր զինված ուժերը կլինեն մարտունակ, արհեստավարժ»։
Ինչ վերաբերում է «դիսկոմֆորտ» չզգալու մասին հարցին, Նահապետյանը պատմեց կյանքը, ասաց, որ սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում, զուգահեռ ռազմական ամբիոնում վեց ամիս անցել է ուսուցում, այնուհետև՝ Արմավիրի զորակայանում մեկամսյա ռազմական վարժանքների մասնակցել։
«Արդյունքում այն ժամանակվա պաշտպանության նախարարի կողմից ինձ շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում», - ասաց Նահապետյանը՝ նկատելով, որ Մարուքյանը կարող էր մոտենալ իրեն, այդ հարցերը տալ։
Իր արձագանքման հնարավորության ժամանակ Մարուքյանն ասաց, որ Նահապետյանի օրինակելի պատգամավոր լինելը ինքը չի վիճարկում, այլ խնդիրն այն է, որ առանց ընդհատումների Նահապետյանը ստացել է կրթություն ու զուգահեռ, ռազմական վարժանքների մասնակցելով, ստացել պահեստազորի լեյտենանտի կոչում։