25/10/2017 18:45
«Կորուստներն» «ընկերների» տեսքով են եղել, իսկ ձեռքբերումն ընտանիքս է. Սուրեն Առուստամյանը դարձավ 35 տարեկան
Դերասան Սուրեն Առուստամյանն, ում հեռուստադիտողը վերջին շրջանում հանդիպում է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազիզյանները» սիթքոմում՝ Էմիլիոյի, և Շանթ հեռուստաընկերության «Օտարը» սերիալում՝ Կարոյի կերպարներով, այսօր նշում է ծննդյան 35 ամյակը: Աշխատանքի բերումով դերասանն իր հոբելյանական տարեդարձն անցկացնում է Մոսկվայում: Aysor.am-ը շնորհավորելով օրվա հերոսին՝ հետաքրքրվեց տոնական օրվա անցուդարձով:
«Այս տարի գործնական այցս համընկավ ծննդյանս օրվա հետ: Առավոտյան եմ եկել, մեկ շաբաթից կվերադառնամ Երևան: Դե, քանի որ Մոսկվայում եմ, կփորձեմ Լենին պապիկի հետ մի բաժակ բան խմել, դրանով էլ կառանձնանա 35 ամյակս»,-մեզ հետ զրույցում ժպիտով ասաց հոբելյարը:
Առաջին շնորհավորողը կինն է եղել, առաջին անակնկալն էլ աշխատավայրում ընկերներն են կազմակերպել:
«Արդեն 13 տարի առաջին և ամենասպասված շնորհավորանքը կնոջիցս եմ ստանում, ինչն ամենահաճելին է: Իսկ երեկ կեսգիշերին իմ աշխատավայրում՝ «Saf» ակումբում, ընկերներս ինձ անակնկալ մատուցեցին: Օրը դեռ առջևում է, միգուցե նորի՞ց լինեն հաճելի անակնկալներ»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Դերասանի խոստովանմամբ՝ ամենատպավորիչ ծննդյան տարեդարձը երկու տարի առաջ է եղել, ինչ վերաբերում է 35 տարիների ձեռքբերումներին ու ձախողումներին՝ նշեց.
«Շատ եմ տպավորվել 33 ամյակիս ժամանակ, երբ աշխատանքից հետո ընկերներով «խեցգետին փարթի» կազմակերպեցինք: Ձեռքբերումներիս ու կորուստներիս առումով էլ կասեմ՝ ամենամեծ ու կարևոր ձեռքբերումս ընտանիքս է: Իսկ կորուստներն «ընկերների» տեսքով են եղել, որոնց անհետացումը ես իրականում այնքան էլ կորուստ չեմ համարում: Դա էլ երևի ձեռքբերում է»:
Սուրեն Առուստամյանը նոր ֆիլմերի ու համագործակցությունների մասին նախընտրեց դեռևս չբարձրաձայնել, խոստանալով առաջիկայում փակագծերը բացել:
Օրվա խորհրդին անդրադառնալով՝ ինքն իրեն միայն առողջություն մաղթեց:
«Թող առողջություն լինի, մնացածն ինքս կանեմ»,-եզրափակեց նա: