25/10/2017 12:21
Պետք է ծառայեն բոլորը. Վիգեն Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նկատել է, որ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերից բխող և զինված ուժերին վերաբերող օրենսդրական կարգավորումները լավ կողմերի հետ միասին, վատ կողմեր էլ ունեն։ Այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա հետաքրքրվեց, թե որքանո՞վ է պատրաստ նախարարը գնալ փոխզիջումների։
«Ես բավականին ճկուն եմ քաղաքականություն մշակելիս, արել եմ ամեն ինչ, որպեսզի լսեմ բոլորի ձայնը, այդ ձայնի մեջ չի եղել դեմ կարծիք, չի եղել առաջարկ, որը մանրամասն չի քննարկվել», - ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարն ասաց, որ օրենսդրական դաշտը ստեղծելուց հետո, ծառայության կարգի մասին որոշում կընդունի կառավարությունը և այդ փուլում հնարավոր կլինի լսել կարծիքներ ու ծրագրերում կատարել փոփոխություններ։
«Քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը. ով բարձրագույն կրթություն, գիտական ներուժ ունեցող մարդ է, կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, գնում է երկու տարվա ընթացքում շարքային զինծառայություն է անցնում։ Ես ուզում եմ շեշտել, որ որևէ պարտադրանք այս քաղաքականությունները իրենց մեջ չեն պարունակում։ Ընդամենը լրացուցիչ հնարավորություն են տալիս ընտրել՝ ինչ քաղաքականություն են ընտրում հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու համար», - ներկայացրեց նախարարը։
Կառավարության ներկայացուցիչը մատնանշեց իր փորձը՝ ասելով, որ իր պարտքը կատարել է որպես սպա, քանի որ այդ պահին ունեցել է երեք բարձրագույն կրթություն։
«Շատ հպարտ եմ սպայական ծառայության տարիներով, համարում եմ, որ այդ տարիները ինձ շատ բան են տվել։ Գիտությունից էլ ինձ առանձնապես հետ չեմ պահել, դասավանդել եմ տարբեր տեղերում։ Եթե կան մարդիկ որ համալսարանում սովորում են ու ձեզ հետ քննարկումներում դժգոհում, թե այս օրինագծերով բոլոր գիտական հեռանկարները քայքայվում են, ուզում եմ, առիթն օգտագործելով վստահեցնել, որ դա այդպես չէ։ Գիտակ մարդը զինված ուժերում միշտ պետք է իր տեղն ունենա», - հավելեց Վիգեն Սարգսյանը։