25/10/2017 11:33
«Բանակը «каторга»-ից դարձնել գրավիչ». ԱԺ-ն սկսել է քննարկել ՀՀ ԶՈւ-ին վերաբերող հաջորդ նախագիծը
Ազգային ժողովում այսօր մեկնարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը պատգամավորներին ներկայացնում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ օրենքի հիման վրա գործելու են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Օրինագծով կարգավորվում են զորակոչի հետ կապված խնդիրները. այսպես, նախագծով, Սահմանադրության հիման վրա զորակոչի մասին հայտարարելու է ոչ թե ՀՀ նախագահը, ինչպես այժմ է, այլ՝ կառավարությունը։ Նախարարը նշեց, որ նախագծով վերանայվել են տարկետման հիմքերը ու դրանց մի մասը փոխարինվել է արտոնություններով, իսկ արդեն գոյություն ունեցող արտոնությունները վերանայվել են ու վերացել է դրանց ձևական բնույթը։
«Ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցող այն բոլոր սահմանափակումները որ ունենք, այս օրինագծով բովանդակային են դառնում. Լինելու է երկու լրացուցիչ արձակուրդ այդպիսի զինծառայողների համար, ինչպես նաև մարտական հերթապահության մեջ ծառայելը լինելու է նրանց ցանկությամբ։ Այսինքն՝ եթե առաջ մենք ասում էինք, որ այդ կատեգորիայի երեխաները պետք է ծառայեն բնակության տարածքից 150 կմ շառավղով հեռավորության վրա, ապա այժմ մենք բովանդակային արտոնություն ենք տալիս այդ կատեգորիայի համար», - ներկայացրեց նախարարը։
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը օրինագծից եզրակացրել է, որ դրա փիլիսոփայությունը մեկն է՝ «կանխել կոռուպցիան և բանակը «каторга»-ից դարձնել գրավիչ»։
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, թե, այդուհանդերձ, այս նախագիծը արդյոք լուծելու է այդ խնդիրը։ Նախարարը նախ համաձայնեց պատգամավորի հետ, հետո ասաց, որ այս նախագիծը բանակը սոցիալական վերելակ դարձնելն է, բանակում զինծառայությունն ու դրա բարդ տեսակներն ընտրած քաղաքացիները ստանալու են զգալի արտոնություններ, որոնք կօգտագործեն իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար։