26/10/2017 15:58
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ. Մարիա Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացն ակտիվացնելու վերաբերյալ, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք նաև ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմա հստակեցնում են որոշ հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման հետ, որի ժամանակ կքննարկվեն կարգավորմանն ու իրավիճակի կայունացման վերաբերող հարցեր», - ասել է Մարիա Զախարովան:
«Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ», - նշել է նա: