26/10/2017 14:39
Նարբե Պողոսյանը դատի կտա բրիտանական Dayli Mail պարբերականին. մանրամասնում է դերասանը
Բրիտանական հայտնի Daily Mail պարբերականը հանդես է եկել Հայաստանին վերաբերող մի հրապարակմամբ, որտեղ գրում է. «Գորշ արջը մագլցում է վանդակի վրա և տխուր նայում երիտասարդ ընտանիքին, որն ընթրում է գետի մյուս ափին գտնվող հայաստանյան ռեստորաններից մեկում...»:
Պարբերականում հայտնված ընտանեկան լուսանկարում հայ դերասան ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն են՝ իրենց որդու՝ Մոնթեի հետ:
Aysor.am-ի հետ զրույցում Նարբե Պողոսյանը զայրույթով նկատեց՝ միայն այսօր առավոտյան լրագրողների հեռախոսազանգերից է տեղեկացել, թե շուրջ 2 ամիս առաջ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում ճաշելիս իրենց ինչ նպատակով են նկարել:
«Իմ ծանոթներից մեկը որպես միջնորդ մոտեցավ և հարցրեց՝ կարո՞ղ են նկարել, թե ինչպե՞ս ենք Հայաստանում բնության գրկում նստած ճաշում: Ոչ-ոք չասաց, թե այս նկարն իրականում ինչ նպատակով է արվում, որ այն տեղադրվելու է անգլիական պարբերականի առաջին էջում, թեման էլ լինելու է կենդանիների անմխիթար վիճակը: Դա ինձ ահավոր բարկացրել է»,-նշեց նա:
Միջնորդի անունը դերասանը դեռևս չի հրապարակում, քանի դեռ անձամբ նրա հետ չի խոսել: Քայլեր է ձեռնարկում ընտանեկան լուսանկարը թերթից հեռացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում գործը կհասնի դատարան:
«Դեռևս հստակ պատասխան չունեմ, ընթացքի մեջ է: Իմ ծանոթն, ով միջնորդել է, այժմ քաղաքում չէ, համբերատար սպասում եմ իր զանգին: Հուսով ու վստահ եմ, որ նա այս հարցին լուծում կտա, քանի որ հեղինակը հենց ինքն է: Չեմ կարծում, թե տեղյակ չի եղել այս ամենի մասին, վստահ եմ՝ գիտեր: Կարող էին նախապես ինձ տեղեկացնել, ես էլ կորոշեի՝ ուզո՞ւմ եմ կենդանիներին պաշտպան կանգնել ու ընտանեկան նկարս տրամադրել, թե՞ ոչ: Այսկերպ, ստացվում է, որ խաբել են ինձ… Շուտով նամակ կուղարկեմ նաև պարբերականին, եթե չարձագանքեն ու լուսանկարը չհեռացնեն, դատի եմ տալու իրենց: Ի՞նչ իրավունքով են իմ անձնական նկարն առանց թույլտվության որևէ տեղ օգտագործում», - մանրամասնեց դերասանը:
Հարցին՝ այդ ընթացքում շրջակայքում այլ այցելուներ չե՞ն եղել, թե՞ իրենց ընտրել են հատուկ հայտնիությունն օգտագործելու համար, պատասխանեց.
«Այդ ռեստորանում կողքի սեղաններին շատ մարդիկ կային նստած, մենք միակը չէինք: Իրենք նաև մյուսներին մոտեցան, բայց նրանք կոպտորեն մերժեցին ու ասացին, որ չնկարեն: Ես էլ երբեք թույլ չէի տա, որ մեզ նկարեն, եթե դիմողը ծանոթ մարդ չլիներ»:
Դերասանը կենդանիների պաշտանությանությամբ զբաղվող որևէ կազմակերպության հետ կապ չունի, քանի որ իրեն այդ հարցով երբևէ չեն դիմել:
Նկատառմանը՝ հնարավո՞ր է գործը դատարան հասնելու դեպքում նաև ֆինանսական փոխհատուցում պահանջի՝ ընդգծեց.
«Հավատացեք, ինձ ո՛չ ֆինանսական փոխհատուցումն է հետաքրքրում, ո՛չ էլ մեկ այլ բան: Ինձ միայն պետք է, որ խաբված չզգամ, այդքան բան: Երբ ժամանակը գա, իրենք նկարը չհեռացնեն՝ կորոշենք մեր անելիքը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարբե Պողոսյանը: