26/10/2017 11:53
Վերին արտի ցորե՞ն է. Վիգեն Սարգսյանի կոշտ արձագանքը «Ելք»-ի անդամներին (Տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր շարունակվող «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում սկսեց հակադարձել օրինագծին ընդդիմացող «Ելք» խմբակցության անդամներին։
Նա հիշեց Էդմոն Մարուքյանի երեկվա հարցը՝ ուղղված Կորյուն Նահապետյանին «դիսկոմֆորտ» չզգալու մասին և հարցրեց. «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը էստեղ չի, անընդհատ իմ, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում՝ ասելով արդյոք կոմֆորտ ենք մեզ զգում այս քննարկումներից: Իրան էլ կուզեի երկու բան ասել. կուզեի իր ֆրակցիոն գործընկերներին հարցնել կոմֆո՞րտ է մտնել նման քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից»։
Նախարարն այնուհետև շեշտելով այդ գործընկերների անունները, հերթով թվարկեց. «Հասկանում եմ, պարոն Միրզոյան (նկատի ունի «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանին - Aysor.am), որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում՝ 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, Զինված ուժերի ու բանակի համար Ձեր ո՞ր արածի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի կամ դիսկոմֆորտի մեջ»։
Այնուհետև հերթը Էդմոն Մարուքյանինն էր. «Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել շատ հստակ՝ ինչպե՞ս է եղել, որ զինծառայությանը զուգահեռ, բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում։ Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար։ Եթե նա այդ ժամանակ ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարը օգտագործելով ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել։ Եթե ֆորմալ չի եղել, իրական է եղել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարող է դա անել, իսկ այսօր զորակոչվող ուսանողը չի կարող դա անել։ Վերին արտի ցորե՞ն է։ Ի՞նչ մոտեցում է սա»։
Սարգսյանը նաև ասաց, որ ինքը՝ որպես պաշտպանության նախարար, շարունակելու է կոռեկտ լինել իր ընդդիմախոսների հետ, սակայն հորդորեց կոռեկտությունը չշփոթել միամտության հետ։
«Եթե կփորձեք դրա վրա քաղաքական միավորներ վաստակել, ապա դրա պատասխանը լինելու է համարժեք։ Քաղաքավարությունն ու բարեվարքությունը փոխադարձության սկզբունքով են աշխատում միայն», - հավելեց նախարարը։