27/10/2017 10:28
Զինվորական ծառայության վերաբերյալ օրինագիծը խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» մասին նախագիծը, որը խորհրդարան ներկայացրել էր կառավարությունը, այսօր առավոտյան ԱԺ հերթական նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Օրինագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ էին միայն Ելք խմբակցության ինը պատգամավորները։
Մինչ քվեարկությունը վարման կարգով ձայն խնդրեցին Ելք խմբակցության պատգամավորները և յուրաքանչյուրն իր կարճատև ելույթում արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարություններին։
«Ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով արձակուրդներ եմ ստացել և հանձնել իմ քննությունները։ Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, գիտեք, եթե վերին արտի ցորենը լինեի Սոյուղում, Հաջի Բաջում, Գեղիգարթում և Ծիրանիձորում չէի ծառայի։ Հուսով եմ՝ դրանց տեղը ինքը գիտի», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
«Ի հեճուկս պաշտպանության նախարարի՝ մենք ասում ենք, որ ներկայացված օրենքը իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, և այս օրենքը այդ պրոբլեմատիկան չի կարգավորում և ավելի է խորանալու», - իր հերթին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Որպես կամավոր՝ ապրիլի երկուսից հետո մեկնել եմ առաջնագիծ և կատարել եմ իմ առջև դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով», - արձագանքեց նույն խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարարին ներկայցանելով, թե ինչու է չծառայած լինելով բանակում, ՊՆ-ի կողմից պատվոգիր ստացել։