27/10/2017 14:35
Հեռուստադիտողը «Ֆուլ հաուս»-ի Հրաչին կտեսնի վերջին սերիաներում. Մոսո Կարապետյանը Հայաստանում է
Հոկտեմբերի 15-ից Հայաստանում է գտնվում վերջին գրեթե 1 տարին ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ դերասան Մոսո Կարապետյանն, ում շատերը ճանաչում են «Ֆուլ հաուս» սիթքոմից՝ Հրաչի կերպարով: Aysor.am-ի հետ զրույցում դերասանն ընդգծեց՝ վերադարձը ոչ միայն գործնական, այլև՝ անձնական պատճառներ ուներ:
«Բացի սիթքոմի նկարահանումներից, նաև մի քանի գործ ունեմ, որոնք պետք է այս ընթացքում ավարտին հասցնեմ: Ասեմ, որ «Ֆուլ հաուս»-ի նկարահանումներին մասնակցել եմ երկրորդ փուլից, ինչը նշանակում է, որ հեռուստադիտողը Հրաչին կտեսնի վերջին սերիաներում», - մանրամասնեց նա:
Նկատում է՝ 1 տարվա ընթացքում Երևանը շատ չի փոխվել, թեև, բարեկարգումների ու նորակառույց շենքերի շնորհիվ առավել գեղեցկացել է: Հարցին՝ հասցրե՞լ է հանդիպել հայաստանյան ընկերներին, նաև՝ ունի նոր աշխատանքների առաջարկներ, պատասխանեց.
«Ընկերներիս մեծ մասին հանդիպել եմ, բայց դեռ կան մարդիկ, ում չեմ տեսել: Թող ինձ ներեն, մինչև կհանդիպենք… Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա միայն ժամանակի պատճառով չեմ կարող բոլոր առաջարկներն ընդունել: Կանեմ այն, ինչը կհասցնեմ մինչև մեկնելս»:
ԱՄՆ-ում դերասանի զբաղվածությունը մասնագիտության շրջանակում է, զբաղվում է նրանով, ինչը կապված է բեմի հետ: Ընկերների ու գործընկերների պակաս այնտեղ էլ չունի:
«Այնտեղ էլ շատ ընկերներ ունեմ, մեր բնագավառից էլ շատ մոտ եմ մանկությանս ընկերոջ՝ Դելոյի հետ», - նշեց նա:
Մոսո Կարապետյանի կինն այս անգամ նրան չի ուղեկցել: Հարցին՝ մտածո՞ւմ է երիտասարդ ընտանիքը համալրման մասին, ժպիտով խոստովանեց.
«Կինս պրոֆեսիոնալ յոգայի ուսուցչուհի է ու ցավոք, չէր կարող աշխատանքը թողնել ու ինձ հետ գալ: Ընտանիքի համալրման առումով էլ ասեմ, որ դեռևս նորություն չունենք, երբ այն լինի, անպայման կբարձրաձայնենք»:
Դերասանը չի հերքում՝ ԱՄՆ մշտապես է տեղափոխվել, սակայն իրողության հետ համակերպվել դժվարանում է:
«Կարելի է ասել՝ այո, մշտական բնակությամբ եմ մեկնել, բայց դեռ չեմ համակերպվում այդ մտքի հետ», - ասաց նա:
Մոսո Կարապետյանը Հայաստանից կմեկնի նոյեմբերի 8-ին: Նրա հետ կլինի նաև «Ֆուլ հաուս»-ի ստեղծագործական կազմը, որի համերգային շրջագայության մեկնարկը տրվելու է նոյեմբերի 12-ին՝ Լոս անջելեսում: