27/10/2017 13:24
Ամոթ է բանակում չծառայելու համար տղային փախցնել երկրից. Վիգեն Սարգսյան
Այս պահին հարուցված է ավելի շատ քրեական գործ ու մեղադրանք է ներկայացված մի շարք մարդկանց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե առողջապահության ոլորտում կան մի շարք սողանցքներ, որոնք հնարավորություն են տալիս բանակից կեղծ թղթերով ազատվելու։
«Այդ գործերը պետք է քննվեն մինչև վերջ ու մեղավորները պետք է պատիժ կրեն։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի վիճակ, որ բժշկական ոլորտում ևս սողանցքները փակվեն», - նշեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե իր ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ շատերն իրենց որդիներին հանում են երկրից, Վիգեն Սարգսյանն ասաց, թե ամոթ է բանակում չծառայելու համար տղային փախցնել երկրից։
«Միշտ եղել են ու լինելու են մարդիկ, որոնք անձնական, ընտանեկան երջանկությունը վեր են դասում պետականից, համազգայինից, այդպիսի մարդկանց ընտրությունը իրենց խղճի ու իրենց ընկալման ընտրությունն է։ Եթե հայրենիքը մեզ համար միայն ամառային արձակուրդները անցկացման վայր դարձնենք, եթե հայրենիքը սիրենք հեռվից, տարին մեկ անգամ այստեղ մեր երեխաներին մկրտենք, դա էլ է, երևի թե, հայրենասիրության տեսակ», - նշեց Վիգեն Սարգսյանը։