27/10/2017 16:13
Ատոմակայանի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է, որ բացի ատոմակայանից ունենանք նաև հոսանքի այլ աղբյուրներ. ԱԷԱԽ քարտուղար
Հայկական ատոմակայանի փակման մասին խոսք չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը։
«Հայկական ատոմային էլեկտրակայանի 1-ին բլոկն է շահագործումից դուրս բերվելու, այն այլևս չի վերակենդանացվելու։ Իսկ հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի համար տարվում են աշխատանքներ, որպեսզի դրա կյանքի ժամկետը երկարացվի», -ատոմակայանի փակման մասին վերաբերող հարցին ի պատասխան՝ ասաց Վահրամ Պետրոսյանը։
Նշենք, որ Երևանում անցկացվում է ԱԷԱԽ 15-րդ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Խորհրդի քարտուղարն ասաց, թե աշխատանքներ են իրականացվում ևս 10 տարով երկարացնելու 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։
Վ. Պետրոսյանն ասաց, թե արևային և առհասարակ այլընտրանքային էներգիան անհրաժեշտ է Հայաստանին.
«Այդ ուղղություններն անպայման պետք է զարգացնել, ինքան շատ, այնքան լավ։ Ատոմակայանի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է, որ բացի ատոմակայանից ունենանք նաև հոսանքի այլ աղբյուրներ»։
ԱԷԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլարի վարկով և 30 միլիոն դոլարի դրամաշնորհով Մեծամորի ատոմակայանը ներկայումս վերանորոգվում է, նախատեսված է, որ այն կաշխատի մինչև 2027 թվականը:
Հանդիպմանը ներկա նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նախագահ Միրոսլավ Լիպարն էլ նշեց, որ այն երկրներում, որտեղ ատոմակայան է շահագործվում, դրա երկարաձգումը ստանդարտ գործընթաց է։
«Անվտանգության խորհուրդը կատարում է անվտանգության բարելավման աշխատանքներ՝ տարբեր փուլերում պլանավորման, կատարման և ավարտման։ Հայաստան են գալիս բազմաթիվ միջազգային առաքելություններ ՄԱԳԱՏԷ-ից և այլ կազմակերպություններից, որոնք այցելում են ատոմակայան։ Նման առաքելությունը չի կարող տալ բացարձակ երաշխիք, թե 100 տոկոսով ամեն ինչ անվտանգ է, բայց իրենք կարող են համապատասխան խորհուրդներ առաջարկել անվտանգությունը բարելավելու հարցում», - ասաց Միրոսլավ Լիպարը։