27/10/2017 12:18
ՊԵԿ-ն ընդառաջ է գնացել հարկատուների դժգոհություններին և բարեփոխումներ իրականացրել հարկային վարչարարության գործընթացում
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ բարեփոխումներ են կատարվել իրավական կարգավորումներում. պարզեցվել է հարկային վարչարարության գործընթացը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը։
«Ազատականացվել է հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառումը», - ասաց իրավաբանական վարչության պետը՝ մասնավորեցնելով, որ հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված այլ վճարումները ժամանակին չվճարելու համար նախատեսված էր վարչական տուգանք՝ 10-20 հազար դրամի չափով: Նույնիսկ 1000 դրամ ապառք ունենալու դեպքում պետք է նշանակվի վարչական տուգանք:
Ա. Մնացականյանի խոսքով՝ այս ամենը որոշակի դժգոհություն էր առաջացնում հարկատուների կողմից։
ՊԵԿ-ում հաշվի են առել առկա դժգոհությունները, ինչպես նաև եղել է վարչապետի հանձնարարականը, որպեսզի վարչարարությունն ավելի պարզեցվեն։
«Ներկայում մեր կողմից միջոցառումներ են ձեռնարկվել և կիրառելով վարչարարության մասին օրենքով նախատեսված համաչափության սկզբունքը՝ որոշեցինք, որ այսուհետ պետք է միատեսակ մոտեցում ցուցաբերվի և վարչական պատասխանատվությունները կիրառվեն միայն 200 հազար դրամից ավելի ապառքների դեպքում», - ասաց Արման Մնացականյանը։
Այսինքն, ըստ վարչության պետի, վերջին շրջանում հարկային մարմնի կողմից 200 հազար դրամից ցածր ապառք ունենալու դեպքում իրավաբանական անձանց ղեկավարների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ որպես ֆիզիկական անձ, վարչական վարույթ չի իրականացվում։
Մեկ այլ փոփոխությամբ, ըստ ՊԵԿ պաշտոնյայի, 2018 թվականից նախատեսվում է օրացուցային տարվա ընթացքում առաջին անգամ հարկային հաշվարկներ չներկայացնելու համար հարկատուների նկատմամբ որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում արդեն կնշանակվի վարչական տույժ` տուգանքի տեսքով: