28/10/2017 13:45
Ովքե՞ր են շաքարավազի, բանանի և բենզինի շուկայում խաղացողները. ՊԵԿ-ը ներկայացրել է ցանկը. Լուսանկարներ
Օրեր առաջ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր հետևյալը. «Եթե չեմ սխալվում, բանան և շաքարավազ ներկրող 50-ից ավելի կազմակերպություն կա, եթե դա մենաշնորհ է, ես բան չունեմ ասելու, նույնը բենզինը, ուղղակի մեր տնտեսությունը փոքր է, դրա համար ձեզ թվում է, որ 50-ից ավելի կազմակերպությունը դա քիչ ա: Ես կարող եմ ձեզ ցուցակը տրամադրել …»:
Aysor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և խնդրել ներկայացնել Վարդան Հարությունյանի մատնանշած շաքարավազ, բանան և բենզին ներկրող ընկերությունների ցանկը:
Այսպես, ըստ գրավոր ստացված պատասխանի, Հաայստան այս տարվա ինն ամիսների ընթացքում տարբեր նպատակներով շաքար և շաքարավազ ներկրող տնտեսվարող սուբյեկտների թիվը 63 է: Ցանկում գլխավոր տեղը զբաղեցնում է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը ինչպես հայտնի է, առնչություն ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Այս պատգամավորի հետ կապ ունի նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը նույնպես ՊԵԿ-ի ներկայացրած շաքար, շաքարավազ ներկրող ընկերությունների ցանկում կա:
Այս ցանկում են նաև այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են՝ «Գրանդ Քենդի» ընկերությունը, որը հայտնի է քաղցրավենիքի արտադրությամբ, «ԿոկաԿոլա Հելլ.Բոթլ.Քամփ.Արմ.» ՓԲԸ-ն և «Ջերմուկ ինթ.նլ պ.սի-կոլա բոթ.» ՍՊԸ-ն, «Սովռանո» ընկերությունը (առնչություն ունի ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ-հեղ.), «ՍասԳրուպ» ՍՊԸ-ն (առնչություն ունի ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ-հեղ.), «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ն, «Արփիմեդ» ՍՊԸ-ն, «Նոր Զովք» ՍՊԸ-ն և այլն: Այս ցանկում 13-ը անհատ ձեռնարկատերեր են:
Բանան ներկրող ընկերությունների ցանկը նույնքան շատ չէ, որքան շաքար, շաքարավազ ներկրողներինն է. Այստեղ նշվում է, որ Հայաստան բանան ներկրում է 34 տնտեսվարող սուբյեկտ: Նրանց մեծ մասը անհատ ձեռնարկատեր է: Խոշոր ընկերություններից այս ցանկում, ըստ ՊԵԿ-ից տրամադրած տվյալների, պատվավոր առաջին տեղը զբաղեցնում է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, որը առնչություն ունի ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ (Քեթրինի Միհրան):
Խոշոր ընկերություններից բանան է ներկրում նաև «Նոր Զովք» ընկերությունը, «ԱրմԷկ Թրեդինգ» ՍՊԸ-ն, որը Հայաստան ներմուծում է էկվադորական բանան, «Ֆրուտ վորլդ» ՍՊԸ-ն և այլն:
Հայաստան բենզին ներկրող հիմնական խաղացողներին՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ», և «Մաքս պետրոլ» ընկերությունների կողքին ավելացել է ևս մեկը՝ «Էյ Բի Էքսպորտ» ընկերությունը: