30/10/2017 11:21
Ցնցումներից հետո դեպի 4.5 տոկոս տնտեսական աճ. Ֆինանսների նախարարը ներկայացրել է 2018-ի բյուջեն
2017-ը կայունացման բյուջե էր, որի հիման վրա 2018-ին պետք է տնտեսական աճ ապահովենք, այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը։
«Փորձում ենք ցնցումներից հետո կայունացնել իրավիճակը, որպեսզի հաջորդ տարի արդեն տնտեսական աճի համար հենքեր ստեղծենք։ Այն ազդակները, այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք, կատարում ենք», - հայտարարեց նախարարը։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականության արդյունքում նախատեսվում է ավելի շատ ծախս կատարել, քան՝ պարտք վերցնել։
Տնտեսական աճը հաջորդ տարի սպասվում է 4.5 տոկոս։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծով եկամտային մասը 2017թ. համեմատ ավելացվել է 97 մլրդ դրամով և սահմանվել 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 1 տրլն 210 մլրդի փոխարեն: Բյուջեի ծախսերը ավելացել են 104 մլրդ դրամով. 1 տրլն 464 մլրդ դրամ՝ 2017թ. 1 տրլն 360 մլրդի փոխարեն: Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա այն կկազմի մոտ 157 մլրդ դրամ՝ 150 մլրդի փոխարեն: 2018-ի դեֆիցիտի 75,2 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 81,6 մլրդ դրամը կամ մոտ 168 մլն դոլարը պարտք կվերցնեն: 140 մլրդ դրամ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարները մարելու համար:
Կառավարությունն ակնկալում է, որ 2018թ. պետբյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 22.3% 2017թ. համար հաստատված և 2016թ. փաստացի 22.4%-ի փոխարեն: Հարկային եկամուտները և տուրքերը ՀՆԱ-ի նկատմամբ պլանավորվում է 21,3 տոկոս՝ սահմանելով ընդամենը 0,3% աճ. վերջին տարիներին այդ ցուցանիշը 0,4% էր:
Ֆինանսների նախարարը նկատեց, որ նախորդ տարիներին տնտեսական ցնցումների հետևանքով պետական պարտքի զգալի աճ է եղել, և 2018-ի բյուջեով փորձ են անելու մեկ տոկոսով նվազեցնել պետական պարտք/ՀՆԱ ցուցնիշը։ Նախարարի որակմամբ, այդ տեմպերը համեստ են, բայց արդյունքներ կտան։