30/10/2017 10:40
2018-ին նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել. Վարդան Արամյան (Տեսանյութ)
2017 թվականի վերջին ՀՀ տնտեսական աճը կտատանվի 4-4.3 տոկոսի միջակայքում, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ», - նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ 2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները։
«Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս», - նշեց Արամյանը։
Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա նախարարն ընդգծեց, որ գալիք տարի նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել։
Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։