30/10/2017 13:12
Սպառազինություն ձեռք բերելու մասին հայ-ռուսական համաձայնագիրը այս տարի կստորագրվի, մյուս տարի կիրագործվի. Ֆինանսների նախարար
Հայաստանի կառավարությունը մինչև տարեվերջ կստորագրի հայ-ռուսական համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանը 100 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին, Aysor.am-ին տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Մենք այս տարվա ընթացքում ստորագրելու ենք համաձայնագիրը և մյուս տարի իրագործելու ենք այն», - հավելեց նախարարը։
Պաշտոնյայի խոսքով, համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների պաշտպանական համակարգերի միջև կոնկրետ պայմանագրեր կկնքվեն:
«Այդ մասով որոշակի գաղտնիություն կա և հստակ ապրանքատեսակների մասին չի խոսվում, հրապարակային չէ։ Իսկ թե երբ կիրագործվի, չեմ կարող ասել, որովհետև «Ռոսոբորոնէկսպորտի» հետ պետք է արդեն աշխատեն։ Ինչ վերաբերում է ֆինանսական համաձայնագրին, ապա այդ մասով ես կարող եմ ասել, որ ես ու իմ գործընկերները փորձելու ենք այս տարի ավարտել», - ասաց Վ.Արամյանը:
Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը չէր բացառել, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարվա վերջ:
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը հայ-ռուսական համաձայնագրին հավանություն էր տվել հոկտեմբերի 12-ի նիստում։ Ըստ համաձայնագրի, 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Փաստաթղթի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր կկնքեն Հայաստանին ժամանակակից սպառազինության և տեխնիկայի տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ: