30/10/2017 13:09
ՌԴ-ից Հայաստան զենքի մատակարարումների մասին 100 մլն դոլարի պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2018 թ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հուսով է, որ Մոսկվայի հետ 100 մլն դոլարի վարկային պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա ավարտը:
«Կառավարությունը հավանության է արժանացրել այդ պայմանագիրը: Դեռևս հստակ ժամկետ չկա: Բայց հուսով եմ, որ կստորագրվի մինչև նոր տարի», - РИА Новости-ին ասել է Վ.Տողանյանը:
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքումը, ըստ որի Ռուսաստանը պետական արտահանման վարկ կտրամադրի հայկական կողմին:
Մասնավորապես, ռուսական կողմը մինչև 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:
Վարկի փաստացի օգտագործված գումարը մարվելու է 15 տարվա ընթացքում (2023 - 2037 թթ.): Տարեկան տոկոսադրույքը՝ 3 տոկոս: