30/10/2017 12:00
Կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ` աղքատության խորացման քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանում քննարկվող 2018 թվականի բյուջեի նախագիծը ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին լավատեսություն չի ներշնչում։
«Արդեն 3 տարի մենք կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ ունենք գնաճ և շարունակելու ենք այն ունենալ։ Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին` 2.7 տոկոս, այսինքն` արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ, հետևաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ` աղքատության խորացման քաղաքականություն», - lրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ 2018 թվականի հունվարին ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, որոնք լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները մեծացնելու են՝ իրենց հետ բերելով սոցիալական հետևանքներ։
«Բյուջեն այս առումով գնահատում եմ որպես բացարձակապես ոչ ադեկվատ», - հավելեց նա։