30/10/2017 11:51
Աշխատավարձերի և թոշակների բարձրացման համար առնվազն 5 տոկոս տնտեսական աճ է պետք. Աղվան Վարդանյան
Վերջին տարիներին բյուջեի գլխավոր ցուցանիշը եղել է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Ցավոք, վերջին տարիներին մենք կապիտալ ծախսերի շատ փոքր չափաբաժիններ ենք ունենում։ Եկող տարի նախատեսվում է մոտ 100 միլիարդով ավելացնել բյուջեն, որից 70 միլիարդը գնալու է դեպի կապիտալ ծախսեր, իսկ առանց կապիտալ ծախսերի իրականցման, առանց ներդրումների զարգացում ակնկալել հնարավոր չէ », - նշեց Աղվան Վարդանյանը։
Վերջինս ընդգծեց, որ կառավարությունը խոստովանել է՝ այս և եկող տարիները հիմնականում տնտեսական իրավիճակը կայունացնող են լինելու, որոնք հիմք կստեղծեն հետագա տարիների զարգացման համար և տնտեսական աճի այնպիսի տոկոսների, որոնք հնարավորություն կտան հիմնարար խնդիրներին մոտենալ։
«Մասնավորապես, աշխատավարձերի, թոշակների բարձրաձում և այլն և այլն։ Այս առումով բավականիհն համարձակ քաղաքակնություն է որդեգրել կառավարությունը», - նշեց նա։
Դիտարկմանը, որ, փաստորեն, գալիք տարի ևս թոշակների և աշխատավարձերի բարձրացում պետք չէ ակնկալել, Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ դա հնարավոր է միայն 5 և ավելի տնտեսական աճ ապահովելու դեպքում։
«Բյուջեում նման բան նախատեսված չէ և բնական է՝ չենք ակնկալելու», - ասաց նա։
Այսօր խորհրդարանում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել էր, որ 2018-ի համար ակնկալվում է 4.5 տոկոս աճ, իսկ այս տարին նախատեսվում է փակել 4-4.3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։