30/10/2017 10:23
Տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար. Վարչապետ
Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի հետևանքով տնտեսական աճի ցածր մակարդակ է նկատվել, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ընթացիկ զարգացումները, չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար», - ասաց վարչապետը։
Վերջինս ընդգծեց, որ 2017-ին բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիմքեր կստեղծի ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։
«Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար», - ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու գործարար տնտեսության զարգացման ուղղությամբ։
Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով 2017-2022 թթ.կառավարության ծրագրի նպատակադրումները՝ 2018-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մասով վերանայումներ են կատարվել։
«Հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսային կառուցվածքի վերանայմամբ է իրականացվելու՝ տնտեսական աճի ապահովման հարցում ապահովելով կապիտալ ծախսերի անհրաժետությունը», - նշեց վարչապետը։