30/10/2017 12:55
Կանցկացվի «Քոչարի» պարի առաջին համահայկական փառատոնը
Հոկտեմբերի 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կմեկնարկի «Քոչարի» ժողովրդական պարերի առաջին համահայկական փառատոնը, որին կմասնակցեն Հանրապետության մարզերի և համայնքների երկու տասնյակից ավելի պարախմբեր, տեղեկացնում են Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Համաձայն փառատոնի կանոնակարգի մասնակից պարային համույթները երկու տարիքային խմբերում (10-ից 16, 16 և ավելի բարձր) կարող են ներկայանալ երկու տարբերակներով՝
1. Ժողովրդա-բեմադրական «Քոչարի»
2. Ազգային ավանդական «Քոչարի»:
Հայ ժողովուրդը թե´ կատարումներով և թե´ նկարագրությունների ձևով մեզ է հասցրել «Քոչարի» պարի մոտ 50 տարբերակ, որոնց պահպանումը, փոխանցումը և տարածումը մշակութային քաղաքականության մաս է կազմում, որոնց ուսումնասիրությամբ է միայն հնարավոր ամբողջական պատկերացում կազմել մեր բազմադարյան նմանողական պարարվեստի մասին:
«Քոչարի» համահայկական պարի փառատոնը կոչված է այդ հնագույն պարի միջոցով արտահայտելու մեր ազգային հոգևոր և ֆիզիկական միասնությունը, մեր հոգևոր և նյութական ահռելի ժառանգությունը, որի կրողը հազարամյակներ շարունակ եղել է բացառապես հայ ժողովուրդը: