31/10/2017 13:03
Միայն ՀՀԿ-ից հեռու մնալը կվերականգնի վստահությունը Հրանտ Թոխատյանի նկատմամբ. «Ելք»-ի առաջարկը՝ ժողովրդական արտիստին
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց «Արաբկիր մշակութային կենտրոն»-ից գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին տրամադրելու հարցը:
Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով նշեց, որ տարիներ շարունակ ինքը դիմում է տարբեր կազմակերպությունների, որպեսզի հնարավորություն տրվի աշխատելու:
«Մենք ներկայացրել ենք ոչ խաղային թատրոնի մի մոդել, որը ցույց է տալիս, որ թատրոնը կարող է լինել շահութաբեր, դերասանները կարող են լավ գումար աշխատել ու ունենալ լեփ-լեցուն դահլիճներ», - ասաց նա:
Հրանտ Թոխատյանի խոսքով՝ այդ պատմամշակութային շենքից ոչինչ չի մնացել:
«Հրավիրում եմ բոլորին ներս մտնել, 10 տարին ահավոր քիչ է այն ամենի համար, ինչ մենք ուզում ենք այնտեղ անել, կգա մի պահ, երբ ես էլ ոչինչ չեմ կարող անել», - նշեց դերասանը՝ ընդգծելով՝ եթե կա հնարավորություն ավելի երկարացնել ժամկետը, միայն շնորհակալ կլինի:
Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը:
«Բոլորը գիտեն, որ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը հանդիսանում է Կանազ մշակութային կենտրոնի պաշտոնակատար ու նա այդ շենքը վեր է ածել ավերակների, ինչպես կարելի է այդ մարդուն շարունակել վստահել ինչ-որ գործողություններ անել», - ասաց նա՝ ընդգծելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս հարցին:
Հարց ուներ «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Նա հետաքրքվեց, թե որքան աշխատատեղ է ստեղծվելու այդ կառույցի արդյունավետ շահագործման դեպքում:
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելայնն էլ պատասխանեց, որ կարծում է, թե աշխատատեղերի քանակը բավարար քանակի կլինի:
«Հաստատ կնպաստի նոր աշխատատեղերի մասով որոշակի պրոսեցների՝ դրական առումով իրականացմանը», - ասաց նա: