31/10/2017 10:48
Միքայել Մելքումյանը մտահոգ է. որքանո՞վ է փոխվելու հասարակական տրանսպորտի գինը՝ սեղմած գազի ակցիզի՝ երեք անգամ ավելացման դեպքում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր հարկային օրենսգրքի արդյունքում նախատեսվում է բյուջեում լրացուցիչ 10 մլրդ 250 մլն դրամի լրացուցիչ եկամուտ ապահովել։
«Նոր հարկային օրենսգրքով մենք մի շարք ուղղություններով ունենք էական աճ, բենզինի մասով՝ 25 հազարը դառնում է 40 հազար, սեղմված գազի մասով՝ 8 հազարը՝ 25 հազար և այլն։ Ես արժանահավատ չեմ համարում 10 մլրդ դրամը։ Կարծում եմ, որ ավելին պիտի հավաքագրվի», - նշեց Միքայել Մելքումյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին։
Վերջինս էլ նկատեց, որ, եթե պատգամավորը համաձայն չէ ենթադրությունների հետ , ապա կարող է ներկայացնել, թե ինքն ինչ ենթադրություններ ունի. «Եթե դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք, բայց այնոր մենք կանախատեսել ենք հենց այդքան, ներկայացվածը փաստարկված է։ Դա արժանահավատ է», - նշեց Ջանջուղազյանը։
Միքայել Մելքումյանն էլ շարունակեց պնդել, որ հստակ օրինակներ ներկայացվեն։
«Ենթադրությունները սխալմունքի կամ սխալի չափ ունեն։ Դուք գրել եք՝ տոկոսն ինչքան է, մենք չենք կարող ենթադրություններ անել ու ասել՝ կյանքը ցույց կտա։ Գիտենք, որ գնաճային ցնցումները ուժեղ են, հիմա կարող եք ասել՝ սեղմած գազի ակցիզը, որ երեք անգամ ավելանում է, հասարակական տրանսպորտի գինը որքա՞ն է փոխվելու։ Ենթադրություններ անել տեսական մարդակով ճիշտ չէ», - հակադարձեց ԱԺ փոխնախագահը։
ՀՀ ֆինանսների փոխնախարարն էլ ընդգծեց, որ ինքը չի ցանկանում հակադարձել ու ներկայացնել առանձին տվյալներ՝ սեղմված գազի մասով, փոխարենը Ջանջուղազյանը նկատեց. «Մեր ներկայացված բացատրագրում առանձին բոլոր ապրանքների մասով ամեն ինչ ներկայացված է, իսկ ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում։ Առանց ենթադրությունների որևէ մոդել չենք կարող ունենալ»։