31/10/2017 15:35
Մեր քաղաքացին բոլոր մեր հարևան երկրներից ամենաթանկն է գազ ստանում. Սերգեյ Բագրատյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը համաձայն չէ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն պնդման հետ, որ ՀՀ-ին տրամադրվող գազի գինը թանկ է։
«Մի չարչրկված հարց էլ գազի գնի մասին եմ ուզում տալ: Մենք ասում ենք 150 դոլար է սահմանին գազը, սակայն կրկնակի ենք վարձ վերցնում էս բնակիչներից: Վերջապես, մի օր պե՞տք է էս հարցը նայվի։ Մարդիկ վարչապետների մակարդակով ասում են, որ լավություն են անում 150 դոլար ենք տալիս ամենաէժանը, բայց մեր քաղաքացին բոլոր մեր հարևան երկրներից վերջնական արդյունքում ամենաթանկն է ստանում։ Պետք է մի ձև գտնել, որ մեր քաղաքացին այդքան չտուժի», - ասաց պատգամավորը՝ ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ ներկրման գինը սահմանին 150 ԱՄՆ դոլար է, որի վրա գումարվում է նաև ընկերության մարժան՝ 42.3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կորուստները կազմում են 11.7 դոլար, իսկ ԱԱՀ-ն՝ 51 դոլար։
«Այդ ամենով հանդերձ՝ միջին վաճառքի գինը, որ «Գամզպրոմ Արմենիայում» է ձևավորված, 255 դոլար է։ Սա միջազգայնորեն ընդունված մեթոդոլոգիայով է հաշվարկված, այլ գործիքներ չկան, որ կիրառվեն», - նշեց նա։