31/10/2017 19:04
Խնդրում եմ Աստծուն՝ պահպանել այն, ինչ ունեմ. Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը դարձավ 31 տարեկան
Ֆրանսաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Տոնական օրը հոբելյարն անցկացրել է իր փոքրիկ ընտանիքի՝ ամուսնու և որդու հետ: Նկատում է՝ կցանկանար, որ հարազատները կողքին լինեին, թեև անկախ հեռավորությունից՝ կարողացան այնպես անել, որ շատ չտխրի:
«Հայաստանյան ժամանակով՝ կեսգիշերին, «սկայպով» զանգահարեցին, տորթով, մոմերով ու շամպայնով շնորհավորեցին, ինչն ինձ անչափ ուրախացրեց», - Aysor.am-ի հետ զրույցում ոգևորված պատմեց երգչուհին:
Առաջին անակնկալն, ինչպես միշտ, ամուսինն է մատուցել:
«Առավոտյան, երբ որդիս՝ Դավիթն, արթնացավ, ու ես դեռ չէի էլ հասցրել ուշքի գալ, ամուսինս տանից ուղղակի «դուրս թռավ», նույնիսկ բարի լույս և շնորհավոր չասաց: Քիչ ուշ վերադարձավ տորթով ու մոմերով: Հետո էլ ընկերնեիցս եղան անակնկալ նվերներ, զանգեր, նամակներ: Նույնիսկ չեմ հասցրել դեռ բոլորին անդրադառնալ», - նշեց մեր զրուցակիցը:
Երգչուհին նյութական նվերներին վաղուց կարևորություն չի տալիս, թեև դրանց պակասը երբեք էլ չի ունենում: Կարևորում է այն սերն ու ջերմությունը, ուշադրությունը, որն իր համար ապահովում են սիրելիները:
31 տարվա ընթացքում և՛ լավ, և՛ վատ օրեր է ունեցել, սակայն ընդգծում է՝ ձեռքբերումները գերակշռում են կորուստներին, ինչն ամենակարևորն է:
«Իհարկե, եղել են կորուստներ, վատ շրջան: Ցավոք, յուրաքանչյուրի կյանքում էլ նման բաներ լինում են, անխուսափելի է: Բայց, Փառք Աստծո, լավը վատից շատ է: Միշտ խնդրում եմ Աստծուն՝ պահպանել այն, ինչ ունեմ: Ես չեմ սիրում հետ նայել, առաջ եմ շարժվում՝ իմ նպատակների ու երազանքների հետևից», - խոստովանեց Արևիկ Ալավերդյանը:
Ամենահիշվող և ուրախ տարեդարձը նախորդ տարի էր, երբ 30 ամյակն էր նշում: Դա էլ իր արդարացված պատճառն ուներ:
«Այդ ժամանակ շատ մոտ էր Դավիթիս ծնունդը, որին անհամբեր էի սպասում: Այսօր նա ինձ արդեն շնորհավորում է, սարանից երջանիկ պահ կդժվարանամ նկարագրել: Նաև Երևանում էի, կողքիս էին ընկերներս, հարազատներս: Շատ ուրախ ու նշանակալից տարի էր մեզ համար», - եզրափակեց հոբելյարը:
Երգչուհին այսօր իրեն կայացած ու երջանիկ կին է համարում: Ինքն իր համար միայն մեկ ցանկություն ունի՝ Աստված լսի իր խնդրանքն ու միշտ կողքին առողջ պահի այն մարդկանց, ովքեր ապահովում են իր երջանկությունը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արևիկ Ալավերդյան-Շահբազյանին՝ մաղթելով նպատակների իրականացում ու հաջողություններ: