31/10/2017 13:18
Մի մռմռացեք. Տարոն Մարգարյանի պատասխանը Հրանտ Թոխատյանին վիրավորողներին
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց «Արաբկիր մշակութային կենտրոն»-ից գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին հարցը:
Հարցի վերաբերյալ ելույթով էր հանդես եկել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
Քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները Հրանտ Թոխատյանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրեցին՝ նշելով, թե նա եղել ՀՀԿ-ականների խնջույքների թամադան:
Հրանտ Թոխատյանի շահերը պաշտպանեց Երևանու ավագանու ՀՀԿ-ական անդամ Արա Երնջակյանը:
«Էդ մարդը 60 տարեկան է դառնում, ո՞նց, միայն թամադա՞ է եղել, հետաքրքիր է, էդ ասողները ի՞նչ են արել էս երկրի համար», - ասաց նա:
Հրանտ Թոխատյանին պաշտպանեց նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ հորդորելով գնահատականների մեջ լինել կոռեկտ ու շատ զգույշ:
Արձագանքեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Պարոն Թոխատյան, մենք շատ ուրախ ենք, որ Դուք աշխատել եք մեր հետ ավագանիում, ու ուրախ ենք, որ Դուք ՀՀԿ անդամ եք, մենք վստահում ենք Ձեզ, ու ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու, իսկ էն մարդիկ, ովքեր փորձում են Ձեզ քննադատել… մի մռմռացեք», - ասաց Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ հարցն ընդունվեց, իսկ քաղաքապետարանի ՀՀԿ-ական անդամները բուռն ծափողջույններով ընդունեցին այն: