01/11/2017 11:58
ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի նախատեսում ատոմակայանի փակում . Սերժ Սարգսյան
Հայկական ատոմային էլեկտրակայնի փակման մասին քննարկումներն արհեստական են ու որևէ աղերս չունեն իրականության հետ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին», - նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` «Ռոսատոմ» պետական ընկերության հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ աշխատանքները:
«Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան և սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կծառայի առնվազն մինչև 2027թ.-ը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է նաև, որ ԵՄ-ի հետ համաձայնագրում ոչ մի կետ չկա ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ: