01/11/2017 13:41
Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ ռուսական թատրոնում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 4-ին Երևանի քաղաքային պանթեոնում
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ, այսօր որոշեց արվեստագետի հոգեհանգստյան արարողությունը թատրոնում կազմակերպել: Այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ից 20։30: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ից 13։00-ն, Երևանի քաղաքային պանթեոնում։
Ալեքսանդր Գրիգորյանի հարազատներին և հանձնաժողովի անդամներին ցավակցությունը փոխանցելիս նախարարն ընդգծեց.
«Բոլորիս եմ ցավակցում. բոլորս էլ կորցրինք մի մարդու, ում ընկերն ենք եղել երկար տարիներ, ես՝ նաև ուսանողը... Մենք կորցրինք լավ ընկերոջը, հրաշալի արվեստագետին, որի թողած հետքը մնալու է հետագա սերունդների երևակայության մեջ։ Համոզված եմ, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի ռեժիսորները, դերասանները, մյուս արվեստագետները դեռ երկար ժամանակ պահպանելու են նրա արվեստական դավանանքը»։
Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից:
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964 թ. հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատեց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:
2017 թ. ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ Վարպետի վերջին գործը: