01/11/2017 14:30
Արամ Խաչատրյանը սատարել է հայկական ջազի կայացմանը. Վահագն Հայրապետյանը՝ «Խաչատրյանը և ջազը» սպասված նախագծի մասին
Նոյեմբերի 7-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը։ Ունկնդիրները կվայելեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազգային մշակումները։ Ջազային գործիքավորմամբ կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։
Aysor.am-ի հետ զրույցում դաշնակահար Վահագն Հայրապետյանը նկատեց՝ «Խաչատրյանը և ջազը» արդեն երրորդ անգամ է՝ բեմ բարձրանում, և սա նշանակում է, որ այն սիրված ու սպասված նախագիծ է։
Արամ Խաչատրյանի որոշ գործերի ջազային մշակումները կատարել է հենց այս դաշնակահարը: Ընդգծում է՝ ինքն անդրադարձել է կոմպոզիտորի ոչ թե սիմֆոնիկ, այլ՝ այն գործերին, որոնք դաշնամուրի համար են կամ վոկալ ստեղծագործություններ.
«Առաջին մշակումը, որն արել եմ, Խորհրդային Հայաստանի հիմնն է եղել։ Հույս ունեմ, որ Խաչատրյանի երաժշտությունը՝ գրված ՀԽՍՀ հիմնի համար, կդառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը, քանի որ այն ոչ միայն օրհներգ է, այլև պարունակում է մեծ խորհուրդ, գեղեցիկ երաժշտություն, որն ունի զարգացում։ Ես մշակել եմ նաև Խաչատրյանի «Անդատինոն» և «Ձոն ցնծության» ստեղծագործությունները, որոնք նույնպես տեղ են գտել այս համերգային ծրագրում»:
Վահագն Հայրապետյանի բնորոշմամբ՝ Խաչատրյանը սատարել է հայկական ջազի կայացմանը:
«Առաջին ջազային խմբերը ստեղծվել են Արամ Խաչատրյանի աջակցման շնորհիվ, նա քաջալերել է երիտասարդ ջազ կոմպոզիտորներին, նպաստել է ջազային նվագախմբի կայացմանը, ամեն ինչ արել, որպեսզի հայկական ջազ նվագախումբն ունենա իր փորձի տեղը, գործիքները», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դաշնակահարը: