01/11/2017 16:04
Իր կյանքի վերջին օրը նա շատ առույգ էր, բարձր տրամադրություն ուներ. Ֆրեդ Դավթյանը՝ Ալեքսանդր Գրիգորյանի մասին
Հոկտեմբերի 31-ին 81 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի երկար տարիների գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Մահվան պատճառ էր հանդիսացել հաստ աղիքի խոցը: Aysor.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն ընդգծեց՝ կորուստը ոչ միայն թատրոնինն է, այլև հայ ժողովրդինը:
«Մենք կորցրեցինք ուսուցչի, բեմադրիչի, մտերիմ ընկերոջ, հայ արվեստի փայլուն մի աստղի: Մեզանից հեռացավ մի մեծ դարաշրջան. 53 տարի ղեկավարելով մեկ թատրոն՝ Ալեքսանդր Սամսոնիչ Գրիգորյանն արժանի էր գինեսի ռեկորդի, քանի որ նման բան համաշխարհային թատրոնի պատմության մեջ գոյություն չունի: Մեր ամբողջ կոլեկտիվը շատ ծանր վիճակի մեջ է, բայց կանենք ամեն ինչ, որ նրա պատիվը բարձր պահենք միշտ: Աստված թող նրա հոգին լուսավորի», - հուզմունքով նշեց մեր զրուցակիցը:
Թատրոնի տնօրենը նկատեց՝ մինչև վերջին պահն էլ գեղարվեստական ղեկավարը մասնակցել է թատրոնի գործընթացներին, ներկա է եղել բոլոր պատասխանատու փորձերին, պրեմիերաներին.
«Իր կյանքի վերջին օրը նա շատ առույգ էր, բարձր տրամադրություն ուներ, նույնիսկ ասել է՝ եթե այսպես շարունակվի, ես կվերադառնամ իմ սիստեմատիկ աշխատանքին»:
Ֆրեդ Դավթյանի բնորոշմամբ՝ Ալեքսանդր Գրիգորյանը ոչ միայն լավ ղեկավար էր, այլև՝ հոգատար, բարի ու նվիրված ընկեր, բարձր որակի հատկանիշներ ունեցող անձնավորություն: Նրանց համագործակցությունը սկսվել է 35 տարի առաջ՝ 1982 թվականին, 1999 թվականից էլ Ալ. Գրիգորյանի ղեկավարած թատրոնի տնօրենն է:
«Այս մեկ գիշերվա մեջ վերապրել ու վերհիշել եմ մեր տարիների կյանքը: Տարիների ընթացքում մենք մտերիմ ընկերներ դարձանք, այսօր ես կորցրել եմ իմ ամենամտերիմ ընկերոջը, ուսուցչին ու իմ բեմադրիչին: Վստահեցնում եմ՝ ամբողջ կոլեկտիվն է հիմա հոգեբանական ծանր վիճակի մեջ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը:
Կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը հարազատ թատրոնում է կազմակերպվելու: Այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ից 20։30-ը Վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ն՝ Երևանի քաղաքային պանթեոնում։