02/11/2017 20:06
Ավելի կկարոտեմ այդ օրերը, քանի որ այլևս նրա հետ աշխատելու հնարավորություն չեմ ունենալու. Իրինա Հարությունյանը՝ Ալեքսանդր Գրիգորյանի մասին
Հոկտեմբերի 31-ին 81 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Ընտանիքի հետ այս ցավը կիսում են թատրոնի ոչ միայն ներկայիս դերասանները, այլև՝ նախկին «տանտերերը», որոնց համար ղեկավար ու բեմադրիչ լինելուց բացի Ալեքսանդր Գրիգորյանը նաև ավագ ընկեր է եղել:
«15 տարի իր ղեկավարած թատրոնում եմ աշխատել: Թատրոն, որն օրինակելի է ամբողջ Հայաստանում, որովհետև միշտ հետաքրքիր բեմադրություններով էինք հանդես գալիս: Որպես դերասանուհի, ինձ համար շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը: Քանի որ արդեն մի քանի տարի այդ թատրոնում չէի աշխատում, առանց այդ էլ կարոտում էի ու հիմա էլ ավելի կկարոտեմ այդ օրերը՝ հասկանալով, որ այլևս նրա հետ աշխատելու հնարավորություն չեմ ունենա: Նա կյանքով լեցուն, պայքարող մարդ էր», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը:
Թեև դերասանուհին գիտեր, որ բեմադրիչն առողջական խնդիրներ ուներ, այնուամենայնիվ, իր խոսքով՝ մահվան լուրը նրան ցնցեց.
«Ցավակցում եմ իր ընտանիքին, թատերական գործիչներին, ռուսական թատրոնի աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ իր հետ շփվել են: Նա այնպիսի մարդ էր, որ իր հետ նույնիսկ մեկ անգամ շփված մարդկանց վրա մեծ տպավորություն էր գործում: Այս ցավը համընդհանուր է»:
15 տարի ռուսական թատրոնում աշխատելուց հետո 2013 թվականին դերասանուհին հեռացավ որոշակի տարաձայնություններով: Սակայն մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում Իրինա Հարությունյանը խոստովանել էր՝ սառույցը հալվել է, հեռախոսազրույց է ունեցել նախկին ղեկավարի հետ, ու եթե վերջինիս առողջությունը ների, կհանդիպեն ու կզրուցեն որպես հին ու բարի ընկերներ:
«Իրեն հիվանդանոցում տեսա, երբ վիրահատությունից հետո պառկած էր, բայց խոսել չհաջողվեց: Ցավոք սրտի՝ չհանդիպեցինք, միայն հեռախոսով զրուցեցինք… Գիտեք, այդ ամենն այնքան հեռվում է մնացել, որ եթե անգամ չպարզաբանված հարցեր են մնացել, ապա և՛ ես եմ այն իմ սրտից «բաց թողել», և՛, կարծում եմ, նա», - հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Իրինա Հարությունյանը չի էլ պատկերացնում, թե այսուհետ ով կկարողանա ղեկավարել Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, քանի որ այն միշտ ասոցացվել է Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Նկատում է՝ հոկտեմբեր ամիսն այս թատրոնի համար չարաբաստիկ է դարձել: Վերջին տարիներին արդեն 3-րդ մարդն է, ում հենց հոկտեմբերն է «տանում» թատրոնից (դերասան Երվանդ Ենգիբարյան՝ 2013 թ. հոկտեմբերի 22 , հնչյունային օպերատոր Աստղիկ Մուշեղյան՝ 2016 թ. հոկտեմբերի 26, Ալեքսանդր Գրիգորյան՝ 2017 թ. հոկտեմբերի 31):
«Այդ թատրոնն ինձ շատ հարազատ է, չեմ ցանկանա, որ նոր ղեկավարության պատճառով անկում ապրի, թերանա, հուսով եմ՝ նվիրյալ մարդու կնշանակեն այդ պաշտոնում: Բայց չեմ պատկերացնում՝ ո՞վ կկարողանա ռուսական թատրոնում փոխարինել Ալեքսանդր Սամսոնիչին: Ինձ մոտ տպավորություն է, որ նման մարդ չի գտնվի», - ասաց վաստակավոր արտիստուհին:
Բեմադրիչի մասնագիտական որակներից անցում կատարելով մարդկային որակներին՝ դերասանուհին ընդգծեց.
«Այդ թատրոնում իմ 15 տարվա գործունեության ամեն օրը, անգամ նորամուտը, պարզ հիշում եմ: Թե ինչպես ինձ դիմավորեց, ինչ խոսակցություն ունեցանք: Շատ հումորով էր, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ խիստ: Երբ թատրոնում էր լինում, ամբողջ անձնակազմը զգոն ու ձգված էր լինում, բայց՝ ոչ լարված: Անհատականություն էր, ում բոլորը հարգում էին… Անկեղծ ասած՝ նա ինձ վերաբերվել է որպես շատ հարազատ մարդ, ավելին՝ ինչպես հայրը կվերաբերեր դստերը: Բազմաթիվ պահեր են եղել, երբ զգացել եմ, որ նա իր խոսքով, խորհրդով ինձ աջակցել է, օգնել, ոգևորել: Պատահում էր՝ ինձ կտրուկ նկատողություն էր անում այս կամ այն առումով, ու երբ նեղանում էի, ասում էր. «պետք է ինձ հարազատ, մտերիմ մարդու նկատողություն անեմ, որպեսզի կողքինները հասկանան ու նման կերպ չվարվեն»… Իմ մեջ միայն բարի հիշողություններ կմնան նրանից, քանի որ նա ոչ քիչ կարևոր դեր է խաղացել իմ կյանքում»: