02/11/2017 11:29
Վարչապետը հանձնարարեց խմելու ջրի սակագինը սպառողի համար պահպանելու ուղիներ գտնել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուղիներ գտնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագնի բարձրացման դեպքում պահպանելու մանրածախ` սպառողի համար սակագինը:
««Վիոլա ջուր» ՓԲԸ-ն 2017թ. օգոստոսի 7-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018թ.-ի համար ավելացնել 14,3 դրամով:
Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Դրա ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018թ. համար խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա Կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վիոլա ջուր» ՓԲԸ հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում համատեղ աշխատելով «Վիոլա ջուր» ընկերության հետ, այդ թվում` քնանրկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները և համագործակցելով Ֆինանսների նախարարի և ՀԾԿՀ նախագահի հետ՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: