02/11/2017 17:01
Թուրքիայի հետ С-400 գործարքը գերազանցում է 2 մլրդ դոլարը
Թուրքիայի հետ С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Այս մասին ТАСС-ին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմազովը:
«Թուրքիայի հետ С-400-ների գործարքի արժեքը գերազանցում է 2 մլրդ դոլարը», - ասել է նա՝ չմանրամասնելով գործարքի հետ կապված այլ հարցեր:
Ավելի վաղ ՌԴ նախագահի` ռազմա-տեխնիկական գործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ С-400-ի մատակարարման պայմանագիր է ստորագրել և ներկայումս պատրաստվում է այն իրագործել: Ավելի ուշ նա ասել է, որ Թուրքիան արդեն կանխավճար է տվել: Միաժամանակ Թուրքիայի ռազմական արդյունաբերության Քարտուղարության ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ С-400-ների մատակարարումը կսկսվի երկու տարվա ընթացքում:
С-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ է, որը զինված ուժեր մուտք է գործել 2007 թ.: Այն նախատեսված է ավիացիայի, թևավոր և ներառյալ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, կարող է կիրառվել նաև ցամաքային օբյեկտների դեմ: