02/11/2017 17:46
Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պատրաստ է բաց ու անկաշկանդ համագործակցել աշխարհի տարբեր երկրների հետ. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:
Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը, մասնավորապես ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում, կոռուպցիայի դեմ պայքարում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից աջակցության «Համագործակցություն լավ կառավարման համար» համատեղ ծրագրի առաջին փուլի ավարտի արդյունքում Հայաստանում իրագործվել է չորս ազգային ծրագիր՝ արձանագրելով մեր երկրի պատրաստակամությունը կյանքի կոչելու նախատեսված ձեռնարկները:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ուղիով՝ հստակ տարբերվելով տարածաշրջանի մի շարք երկրներից, ձգտելով իշխանության ապակենտրոնացման և անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պատրաստ է բաց ու անկաշկանդ համագործակցել աշխարհի տարբեր երկրների հետ:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քննարկվող «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ կարևորելով օրինագծի մասին հանրության իրազեկվածությունը, քանի որ հաճախ մարդիկ լիարժեք պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը:
Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը կարևորել է Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ:
Սամարջիչ-Մարկովիչը համաձայնել է ՀՀ ԱԺ նախագահի այն կարծիքին, թե Հայաստանն իրոք տարբերվում է տարածաշրջանի մի շարք երկրներից՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում զգալի առաջընթաց գրանցելով ու տպավորելով եվրոպացի գործընկերներին:
Ընդգծելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի կարեւորությունը՝ տիկին Սամարջիչ-Մարկովիչը հույս է հայտնել, որ այն կընդունվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ երկրներում և Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, բռնությունների կանխարգելմանը վերաբերող հարցերի: