03/11/2017 13:09
Կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» նախագիծը
Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը՚ սիրված նախագիծը։
Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։
Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Արմեն Հյուսնունց։
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթացող Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։