03/11/2017 13:24
Հայաստանն առաջարկում է Հնդկաստանին համագործակցել գյուղմթերքների վերամշակման ոլորտում
Գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և պարենային ապրանքների արտահանումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Նյու Դելիում «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին իր ելույթում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Հայ արտադրողներն ավանդական փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման արդյունքում մրգերի և բանջարեղենի վերամշակման գործում կուտակել են մեծ դրական փորձ, որի արդյունքում արտաքին շուկաներում հայկական սննդարդյունաբերական արտադրանքի հանդեպ պահանջարկն անշեղորեն աճում է»,- ասել է Սերժ Սարգսյանն` ընդգծելով, որ հայ գործարարներն առաջին քայլերն են ձեռնարկում դրանք նաև հնդկական շուկայում ներկայացնելու ուղղությամբ։
«Հեռանկարային ենք համարում նաև սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի գործարարներին հայկական որոշ ապրանքատեսակների արտադրության փորձի փոխանցման շուրջ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեծացնել մրգերի և բանջարեղենի վերամշակման արդյունավետությունը և նոր շուկաներում ներկայացվածությունը, այլև ստեղծել նոր արտադրություններ, ձևավորել նոր աշխատատեղեր»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման համար նպաստավոր է համարում հայ-հնդկական համագործակցության ծավալումը նաև բազմակողմ ձևաչափով` հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ինչպես նաև Եվրոպական միության հետ ունի արտոնյալ առևտրային ռեժիմ:
«Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն ունեն օգտվելու այն բարենպաստ պայմաններից, որոնք առաջարկում է Հայաստանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Հնդկաստանում անցկացվող «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա էին ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակիցներ: