03/11/2017 16:31
ԼՂ-ում դատապարտված դիվերսանտներին Լապշինի հետ փոխանակելու Բաքվի առաջարկը հունից հանել է Սերգեյ Լավրովին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հետաքրքիր մանրամասներ է պատմել, թե ինչպես են 2017 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները դիմել Ռուսաստանի Դաշնությանն՝ առաջարկելով փոխանակել իրեն Արցախում ցմահ դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտի՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների վարկածով՝ «զբոսաշրջիկներ» Գուլիևն ու Ասքերովը որոշել էին այցելել Արցախում հարազատների շիրիմներին, ապա սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի Սարգիս Աբրահամյանին, նաև հրազենային վիրավորում հասցրել քաղաքացի Կարինե Դավթյանին:
«Կարճ ասած, Ադրբեջանից եկած խաղաղ «զբոսշրջիկներ», ի դեպ՝ «Կալաշնիկով» ինքնաձիգներով: Ղարաբաղի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման», - նշում է Լապշինը:
«Ահա այսպես Ադրբեջանը փորձել է շանտաժի ենթարկել Ռուսաստանին, ասելով, որ «դիվերսանտ-զբոսաշրջիկներին» արտահանձնելու Հայաստանի հետ բանակցությունների աջակցությունը կարագացնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը: ՌԴ ԱԳՆ-ի շատ բարձր դիրք ունեցող պաշտոնյայի խոսքով՝ այդ իրավիճակը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին, և, արդյունքում, Ադրբեջանն այդ առաջարկով ուղարկվել է հեռու: Ռուսները չէին կարող առհասարակ հասկանալ, թե ինչ կապ ունի ՌԴ/Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի երկու դիվերսանտի հետ: Եվ ամենից կարեվորն էլ այն էր, թե ինչու Հայաստանը, որի քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ արտահանձնման համար բանտից ազատ արձակի մարդասպաններին: Ավելի ուշ այդ իրավիճակը հասցվել է մինչև Իսրայելի իշխանություններ: Նրանք նույնպես վրդովված էին ադրբեջանական պահելաձևից: Սակայն՝ ի տարբերություն Ռուսաստանի, դժգոհությունն արտահայտել են կուլուարներում», - պատմել է Ա. Լապշինը:
Լապշինի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության այդ պլանն առաջին անգամ հնչեցրել է հարցաքննության ժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչը, արդարատատության ավագ խորհրդական Քամալ Թալիբովը, որը Ադրբեջանի Գերագույն դատարանի նախկին նախագահի որդին է:
«Ասել, թե ցնցվել եմ այդ երկրի իշխանությունների խելագարությունից, նշանակում է ոչինչ չասել: Ես այնտեղ ինձ զգում էի՝ կարծես աֆղանական Թալիբների գերության մեջ լինեմ, դրան նպաստում էր նաև Ռուսաստանին ինձ վաճառելու փորձերը: Շնորհակալ եմ Ռուսաստանին սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ դրա համար նաև Իսրայելին: Նաև շնորհակալություն Հայաստանին, որ չեն հանձնվել», - նշել է նա:
«Մարդկային տեսանկյունից, կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ Ղարաբաղյան պատերազմի պատճառով փախստական են դարձել: Այդպես նաև հազարավոր հայեր՝ Բաքվից և Սումգաիթից: Ես հասկանում եմ այդ մարդկանց՝ ծնողների շիրիմներին այցելելու ցանկությունը: Եվ դա շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին գալ նույնիսկ զբոսաշրջիկների կարգավիճակով: Հայաստանը նույն վերաբերմունքն է ցուցաբերում: Բայց, չեմ հասկանում, ինչի՞ համար է պետք շփման գիծն ինքնաձիգներով անցել և գնդակահարել անմեղ մարդկանց: Դա արդեն տուրիզմ չէ, ասեմ ձեզ, որպես մեծ փորձով զբոսաշրջիկ: Դա ջիհադություն է: Ինչ վերաբերվում է ջիհադական-զբոսաշրջիկներին, ապա ամեն ինչ ակնառու է», - գրել է Լապշինը: